National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2022
Ակնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
1 / 13

Անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Նախարարը նախ անդրադարձել է մակրոտնտեսական զարգացումներին՝ նշելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության ցուցանիշներ այն տնտեսություններում, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական առեւտրային գործընկերներ: Տիգրան Խաչատրյանը նշել է այն գործոնները, որոնք ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումների վրա:

Մասնավորապես, այլ գործոններից զատ, Հայաստանի տնտեսական զարգացումների վրա դրական ազդեցություն են ունեցել նաեւ Ռուսաստանի տնտեսության հետ միջազգային առեւտուրը, զբոսաշրջիկների վիճակագրությունը, նաեւ Ռուսաստանից զուտ դրամական փոխանցումների զգալի աճը:

«Եթե 2022 թ. 9 ամսվա ցուցանիշները համեմատում ենք նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշների հետ, ապա կտրուկ աճ ենք նկատում թե՛ ապրանքների արտահանման, թե՛ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակի, թե՛ նաեւ դեպի Հայաստանի տնտեսություն զուտ դրամական փոխանցումների արժեքներում»,-ասել է նախարարը՝  հավելելով, որ դրանք առավել ընդգծված են հատկապես Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից:

«Վերջին ամիսների ընթացքում, հատկապես 6-րդ ամսից սկսած, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվությունն առավել բարձր արժեքներ է ունեցել: Եվ դա շարունակվում է առայսօր: Այս բոլորի ազդեցությամբ ակնկալում ենք, որ տարեկան թե՛ տնտեսական ակտիվությունը, թե՛ տնտեսական աճը բավականին բարձր արժեքներ են արձանագրելու: Կարծում ենք, որ ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ ենք արձանագրելու»,-ասել է նախարարը:

9 ամսում արդյունաբերության իրական աճը կազմել է 10 տոկոս, ծառայությունների դեպքում աճը եղել է 27.1 տոկոս, գյուղատնտեսությունն աճել է 0.5 տոկոսով: «Շինարարությունը մյուս ոլորտն է, որտեղ աճի ցուցանիշները զգալի մեծ ազդեցություն են ունեցել ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշների վրա»,-հավելել է Տիգրան Խաչատրյանը:

Անցած 9 ամիսների ընթացքում 8,6 տոկոս միջին գնաճ է արձանագրվել: Նշվել է, որ Կենտրոնական բանկը գնաճը կառավարելու քաղաքականության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում վարել է բարձր տոկոսադրույքների քաղաքականություն՝ 9 ամիսների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 2.25 տոկոսի չափով, իսկ բոլորովին վերջերս եւս 0.25 տոկոսով այդ տոկոսադրույքները բարձրացվել են՝ կազմելով 10.75 տոկոս:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 63.8 տոկոսով, ներմուծումը՝ 61.9 տոկոսով:

Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ոչ թե բացարձակ արժեքի վրա կենտրոնանալը, այլ՝ արձանագրված արժեքային ցուցանիշները: «Եթե մենք դպրոցը, ճանապարհը չկառուցենք, մեր ներուժը չի մեծանա: Ներուժը մեծացնելու համար պետք է առողջապահության, կրթության ոլորտներում եւ ենթակառուցվածքների վրա շարունակաբար ավելի շատ ներդրումներ անենք ու ավելի մեծ արդյունքներ ստանանք»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը:

Գեւորգ Պապոյանը փորձել է պարզել նաեւ, թե ինչպիսին են ՊԵԿ-ի՝ հաջորդ տարվա համար նախատեսվող հավաքագրումները եւ վարչարարության մասով ինչ նոր գործիքներ են կիրառվելու:

Հաջորդ տարվա հարկային եկամուտները սահմանվել են 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ: Այս տարվա եւ մյուս տարվա ՀՆԱ-ի անվանական եւ իրական աճերի պարագայում են տվյալ հարկային եկամուտները կանխատեսվել: Կառավարության կողմից նախատեսվել է 0,5 տոկոս հարկային եկամուտների աճ, որը ՊԵԿ-ը պետք է ապահովի համապատասխան վարչարարությամբ, ինչն իրատեսական է համարվում. այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Վարչարարության մասով նա անդրադարձել է թեմատիկ ստուգումների գործիքի արդյունավետությանը: Համալիր հարկային ստուգումների մասով ռիսկերի չափանիշներն են վերանայվել: Ռիսկերի չափանիշների լավարկված համակարգ կներկայացվի, ըստ որի՝ մյուս տարվա հուլիսից փոփոխություն կկատարվի: Արդյունքում՝ ռիսկերի տեսանկյունից ստուգումներ իրականացնելու համար կընտրվեն ավելի թիրախային կազմակերպություններ: Արտյոմ Սմբատյանը, վարչարարությունը բարելավելու համապատասխան գործիքակազմից խոսելով, մատնանշել է բանկային գաղտնիքի հասանելիության մասով նախատեսվող փոփոխությունը, որը, ըստ նրա, կնպաստի վարչարարության որակի բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է ոլորտային մի շարք ծրագրերի կատարման ցածր կատարողականներով, ինչի վերաբերյալ պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել: Գեւորգ Պապոյանն իրականացվող շինարարական աշխատանքների որակն է հատկապես կարեւորել, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ վերահսկողությունը բարձր մակարդակի վրա է:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ներկա փուլում ամփոփված են միայն կիսամյակի արդյունքները, ինչը, բնականաբար, կտարբերվի 9 ամսվա ցուցանիշների վերաբերյալ ձեւավորված տեսակետից: Այժմ իրականացվում են 9 ամսվա կատարման արդյունքների հաշվեքննության գործընթացները, եւ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:

Վեց ամսվա կտրվածով հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն, խեղաթյուրումները կազմել են շուրջ 7,6 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջեի 0,84 տոկոսը: «Դա առայժմ հեռու է այն շեմից, որը կարող էր գնահատվել էական ու այդ առումով ձեւավորել տեսակետ»,-ասել է Ատոմ Ջանջուղազյանը: Նրա գնահատմամբ արդյունքային եւ ֆինանսական ցուցանիշները պետք է առավելագույն կանխատեսելի լինեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am